Անահիտ Գասպարի Սողոմոնյան
(1894-1982)
Պարույր Սևակի մայրը, բանաստեղծի վկայությամբ, անգրագետ, սակայն նրբազգաց ու իմաստուն կին էր։ Մորը, թեև անհանգստացրել է որդու ուսման անհագ ծարավը, սակայն հենց մայրն է ներշնչել Պարույրին ու առաջ մղել։
«Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը «ս»-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. «Բա «ս» գրել էլ չգիտե՞ս»: Չգիտեր ու չգիտի... Այդ պատճառով չէ՞ր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա»,-հիշում է բանաստեղծը «Անցյալը ներկայացած» ակնարկում։
Քչերը գիտեն, որ Պարույր Սևակը մինչև 5 տարեկան իր հորն ու մորը կոչել է ամի ու ազի։
Բանն այն է, որ Սևակի հոր Ռաֆայելի ավագ եղբայրը երեխա չի ունեցել և նահապետական սովորությամբ նա որդեգրում է եղբոր երեխային։
Միայն 5 տարի անց Պարույրին վերադարձնում են իրական ծնողներին և բացահայտվում է ճշմարտությունը։
Մեկ այլ առիթով մոր մասին ասում է․
«Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում: Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դիզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը: Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը: Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»:
Բանաստեղծ հիշում է, որ ընթերցանության նկատմամբ իր մեծ սերը վախեցնում էր ծնողներին, քանի որ մտածում էին, որ շատ կարդացողը կխելագարվի և կկրկնվի Սևակի պապի ճակատագիրը, որն ըստ գյուղացիների, գժվել էր շատ կարդալուց․
«Եվ, հավանաբար, պապական այդ արյունն էր շրջում մեջս՝ ստիպելով գիշերներ լուսացնել ձեռքս ընկած գրքի վրա և վախ ներշնչելով ծնողներիս, թե ես էլ «շատ կարդալուց կգժվեմ»: Եվ որովհետև նրանց խրատ-հորդորանքը արդյունք չէր տալիս (ես շարունակում էի «գժվելու» ճանապարհը), ապա անգրագետ մայրս հաճախ էր տեղիք տալիս հետևյալ երկխոսությանը.
-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ:
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես:
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը:
-Բա ո՜նց:
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ:
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր: Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: ՈՒստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ»:
Լիանա ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՖԲ էջից